Ավարտվել է պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը (տեսանյութ)
Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիները, չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, աշխատանք փնտրելու նպատակով միասին մեկնել են Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք, որտեղ հայտնվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում և ընդունել նյութական օգուտներ ստանալու դիմաց նրանց կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:
Վերջիններս վարձատրության դիմաց անցել են թշնամու կողմը, լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, պահել և օտարերկրյա պետության ինքնությունը դեռևս չպարզված ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իրենց կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել ու արդյունքում խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից այդ ուղղությամբ պաշտպանության գծի ճեղքման և հետագա առաջխաղացման համար՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պետական դավաճանություն կատարած անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և 2021 թվականի նոյեմբերի 26-ին նրանց նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է հետևողական պայքար տանել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և նախազգուշացնում, որ ձեռնարկելու է գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: